Երեւանի քաղաքապետարանի գործողութունները «Սանիթեքի» հետ պայմանագրի խզման մասով արդեն իսկ բացատրում են քաղաքապետարանի հիմնավորումների ամրությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
«Եթե քաղաքապետարանն ունենար կասկածներ, որ հիմնավորումները այդքան կայուն եւ ուժեղ չեն, ապա չէր գնա այդ պայմանագրի խզմանը, ուստի քաղաքապետարանի գործողութուններն արդեն իսկ բացատրում են մեր հիմանվորումների ամրությունը մեր տեսանկյունից»,-նշեց նա։
Հայկ Սարգսյանն ասաց, որ այս պահին քաղաքը չի քննարկում նոր օպերատորի ներգրավման հարցը, քանի որ սանմաքրման եւ աղբահանության խնդրի ամբողջական ցիկլը դեռ ավարտված չէ․ «Այո, աղբահանությունը կարգավորված է, բայց սանմաքրման կոմպոնենտը դեռ ավարտված չէ, մենք շարունակում ենք աշխատանքի ընդունել հավաքարարների, մաքրողների, նոր տեխնիկայի ենք սպասում, նշել ենք 17 միավոր փոշեկուլներ, որոնք շատ տեղերում կփոխարինեն ձեռքի աշխատանքին, իսկ ձեռքի աշխատանքները տեղափոխվելու են բակային տարածքներ։ Երբ մենք ավարտենք ամբողջական ցիկլը, կունենաք գծերի վրա դրված համակարգ, պատրաստ կլինենք քննարկել նաեւ որեւէ մաա որպես մրցակցային առավելություն տալ մասնավոր հատվածին»։
Նրա խոսքով՝ աղբահանության այսօրվա արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները կարող են ունենալ վստահություն, որ մյուս տարի աղբահանության խնդիր չի առաջանա, քանի որ խնդիրը լուծվել է ֆունդամենտալ։
Փոխքաղաքապետը շեշտեց՝ աղբահանության սակագնի փոփոխության հարց չի քննարկվում․ «Փոփոխությունները կատարված են այն տրամաբանությամբ, որ «Սանիթեքի» կողմից օգտագործվող միջոցները բավարար էին այդ գործառույթը պատշաճ իրականացնելու համար»։











