Պիտի խնդրեմ ինձ հարցեր ուղղել բացառապես իմ լիազորությունների շրջանակի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա չցանկացավ անդրադառնալ դիտակմանը, որ ՍԴ նախագահին առնչվող մի քանի հարուցված քրեական գործ կա եւ արդյոք կա՞ հնարավորություն նրան հարցաքննելու, մեղադրանք առաջադրելու, եթե խնդիրը չի վերաբերում իր ներկա պաշտոնին:

«Ձեր բարձրացրած հարցադրման հետեւում եմ այնքանով, որքանով տեղեկանում եմ մամուլից»,-ասաց Փոլադյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ եւ հակամարտող կողմերին փոխադարձ հարգանքի հորդոր է հնչեցրել, արդյոք ինքը եւս մտահոգված է, Դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց. «Մտահոգությունը անձնական կատեգորիա է: Թե ինչ  մտահոգություն ունեմ, թույլ տվեք պահել իմ մեջ»:

Իսկ «դռների մոտ վնգստացող դատավորների» մասով էլ ասաց. «Այդ հարցի վերաբերյալ ԲԴԽ նախագահը հայտարարություն տարածել է, խնդրում եմ՝ ծանոթացեք այդ հայտարարությանը»:

Հիշեցնենք, որ իշխանության դռների մոտ վնգստացող դատավորների մասին բարձրաձայնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: