Եթե պատգամավորները գնում են գործուղումների հարկատուների հաշվին, ապա այդ գործուղումների արդյունքները պետք է լինեն տեսանելի ու շոշափելի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Ինչքանո՞վ են դրանք նպատակային։ Մենք գիտենք, որ բյուջեն ծախսերի, եկամուտների ծրագիր է, բայց եթե այդ նպատակայնության  բաղադրիչը նվազում է, դա դառնում է անպիտակ թվաբանություն։ Ինձ ոչ թե հետաքրքրում է՝ գործուղումների ծախսերը որքանով են ավելացել կամ նվազել, այլ այն, թե որքանո՞վ են դրանք նպատակահարմար: Չեմ ուզում անձնավորել, բայց մեխանիզմ է պետք մշակել, որ պատգամավորը հաշվետվություն տա իր գործուղման արդյունքի համար: Այսօր ունենք պատգամավոր ունենք ավելի շատ թռչում է, քան քայլում։ Ժողովուրդը հարցնում են՝ հիմա էս մարդը, որ էսքան ստեղ-ընդեղ գնում ման է գալիս, ամառային երեկոների հաճույքներն է ըմբոշխնում, էտ մարդու տված օգուտն էս երկրին ի՞նչն է։  Եթե պատգամավորը գնում է իր աչքի համար հաճելի տեսարաններ վայելելու եւ հետ գալու, ապա դա ինչո՞վ է արդարացված»,- ասաց Գ. Պետրոսյանը։

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն էլ ասաց, որ ճիշտ կլինի, եթե պատգամավորները որոշակի իրավական հիմքեր ձեւավորեն այդ մասով, եւ ավելացրեց, որ կա այդպիսի կարգավորում, սակայն ավելի կիրառելի ու օգտակար պետք է դարձնել այդ մեխանիզմը.

«Ձեր մոտեցումը ես նախընտրում եմ կիրառել նաեւ աշխատակազմի մասով։ Կա նմանատիպ գործընթաց, բայց ուզում եմ, որ լինի էլեկտրոնային, ինչ-որ տեղ, որտեղ այդ հաշվետվությունները կհավաքվեն եւ հետագայում կկիրառվեն՝ գիտելիքի փոխանցման տեսանկյունից։ Ինձ տրված են ապահովել գործուղումը, բայց արդյո՞ք գործուղման որակն իմ լիազորությունների շրջանակում է»։

Նիստը վարող ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց, թե նման մեխանիզմներ կան, Պետրոսյանն էլ նկատեց, որ երբեք չի տեսել այդ մեխանիզմները։