Ղարաբաղի հարցը պետք է հասկանանք, որ ոչ թե Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցն է, կամ Ղարաբաղի ժողովրդի իղձերի հարցը. իհարկե, դա կա, բայց դրա հետ միասին դա Հայաստանի անվտանգության հարցն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրա նկատեց, որ այս պահին բանակցություններ չկան, իսկ դա վտանգավոր է:

«Ընդհանրապես բանակցությունները նպաստում են, որ պատերազմ չլինի եւ 20 տարի հաջողվեց ստատուս քվոն պահպանել: Հիմա ունենք մի փոքր շրջան, որ Ադրբեջանը որեւէ բան չի սկսի, բայց հիշեք, որ եթե բանակցությունները վերջանում են, պատերազմի հավանականությունը մեծանում է»,-ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ երբ վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» իր համար պարզ է, որ դա հակասում է մեր ընդհանուր քաղաքականությանը եւ ոնց կընկալվի աշխարհում:  «ես հոդված եմ գրում, որտեղ մանրամասն բացատրում եմ, թե ոնց պետք է անել: Ես կարծում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է քննարկել Ղարաբաղի հարցը, բայց այն ռակուրսով, որ զրոյից պետք է սկսվի Ղարաբաղի հարցը. «Ես ասացի, որ այդ հարցերը պատասխանը մեր ժողովուրդը տվել է պատերազմին մասնակցելով, հանրաքվեներով, ընտրություններով: Հիմա մնում է լուծման հարցը, բայց Հանրային խորհուրդը լուծում տալ չի կարող:

Բանակցությունների ժամանակ վարչապետը պետք է գա ինչ-որ եզրակացության, հետո սկսի խորհրդակցել, թե այդ լուծումն ընդունելի է ժողովրդի համար, թե ոչ»: