Վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել, դրանք պետական գնումներ են եւ դրանք գնվում են պետության կարիքների համար։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես կմեկնաբանի, որ 2 միլիարդ է տրամադրվել կառավարական առանձնատների վերանորոգման համար եւ վարչապետի նոր մեքենայի համր 540 հազար դոլար է տրամադրվել։

Աղաջանյանի խոսքով՝ սրանք պետության գույքն են։

«Այդ որոշումները գաղտնի ընթացակարգերով են կայացվել, որովհետեւ դա օրենքից է բխում։ Ես այդ թվերը չեմ կարող հրապարակել, բայց ինչ բերաբերում է կոնդի ՊՈԱԿ–ի առանձնատների ծախսին, երվ այդ վերանորոգումները կլինեն պետգույքի համապատասխան ռեգիստրում դրանց շուկայական արժեքը բնականաբար կավելանա եւ բոլորը կիմանան»,– ասաց Աղաջանյանը։

Լրագրողի հարցին, որ մեկ տարի առաջ իշխանությունը իրեն ինֆորմացիա է տրամադրել, թե Սերժ Սարգսյանի կառավարման օրոք քանի անգամ է վերանորոգվել եւ որքան գումար է ծախսվել, եւ որ այդ օրենքն այն ժամանակ էլ է եղել, ինչո՞ւ են խտրականություն դնում, Աղաջանյանը պատասխանեց կարճ. «Մե՞ր իշխանության օրոք, ես վստահ չեմ, փաստաթղթերը կուղարկեք»։

Լրագրողի հարցին, ի վերջո քանի S class է գնվել, քանի որ նկատել են, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ ժամանած նախագահներին սպասարկել են զրահապատ մեքենաներ, Աղաջանյանը պատասխանեց, որ ինֆորմացիային չի տիրապետում, իսկ հարցին ճի՞շտ է տեղեկությունը, որ զրահապաը մեքենաներից մեկը սպասարկում է վարչապետի տիկնոջը, Աղաջանյանը տվեց բացասական պատասխան։

Վերադառնալով՝ վարչապետի նոր մեքենային Աղաջանյանն ասաց, որ հին մեքենան նաեւ անավտանգության հետ կապված խնդիր ուներ։

«Մեքենան, որ սպասարկոււմ էր վարչապետին, շատ հին եւ շարքից դուրս եկած մեքենա էր, որ 5 եւ ավելի տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր։ Դա լուրջ, նաեւ անվտանգության խնդիրներ առաջացնող ավտոմեքենա էր։ Նախկիններն էլ այդ մեքենան չէին օգտագործում, դա այնտեղ դրած էր»,– ասաց Աղաջանյանը: