Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ մենք խոսել են հանրային խորհրդի մասին, ես հարց բարձրացրի, որ ինքը պետք է ներկայացնի իր տեսլականը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Հարց բարձրացրի, թե ոնց եք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ոնց է զարգանալու տնտեսությունը: Կցկուր խոսակցություն եղավ, ասվեց, որ հետո կհանդիպենք կխոսենք: Մենք մի ամիս նվիրեցինք տեսլականների քննարկմանը:
Առանց տեսլականների երկիրը առաջ տանել հնարավոր չէ, պետք է լինի նախագիծ, տեսլական, որի շուրջ համախմբված լինի ժողովուրդը: Մենք պայմանավորվեցինք, որ երկու ամիսը մեկ Հանրային խորհուրդը հանդիպի վարչապետի հետ եւ քննարկի հարցեր: Դրանից հետո մեկ փակ հանդիպում եղավ, դրանից հետո այլ հանդիպում չի եղել»,-ասաց Վազգեն Մանուևկյանը:
Հարցին, թե իր կարծիքով, ո՞րն է Հնարային խորհրդի դերը, ինչ շոշափելի գործունեություն է ծավալել Հանրային խորհուրդը, նա պատասխանեց. «Շոշափելի արդյունքներ տեսնելը դժվար է ԱԺ-ից էլ, բոլորից էլ: Օրինակ, Ամուլսարի վերաբերյալ վերջերս փակ քննարկում կազմակերպեցինք: Ընդ որում ստեղծեցինք աշխատանքային խումբ, որ շարունակի աշխատանքները: Մենք հրավիրել էինք կառավարության ներկայացուցիչների, որ եկել էին, հրավիրել էինք այդ ընկերության ղեկավարությանը, նրանք հայտնեցին, որ առանձին փակ քննարկմանը կգան, բայց ուրիշների հետ բանավեճի մեջ չեն մտնելու:
Հասարակությանը հուզող Ստամբուլյան կոնվենցիան քննարկվել է Հանրային խորհրդում: հանրային խորհուրդը քննարկել Սեւանի մամռակալման հարցը եւ 6-7 առաջարկություն է ներկայացրել կառավարությանը: Առաջարկներ են քննարկվել եւ արվել կառավարությանը կրթական համակարգի հետ կապված»:











