Րոպեն մեկ հեղափոխություններ անել, իշխանություն փոխելը մեծ օգուտ չի բերում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ես էվոլյուցիոն զարգացման կողմնակից էի, դրա համար, երբ հեղափոխությունն սկսվեց, ճիշտ է, ես շատ դժգոհություններ ունեի նախորդ իշխանությունից, եւ դրա մասին բարձրաձայնել եմ, բայց ես հեղափոխական չէի: Բայց երբ իրականացավ հեղափոխությունը, հույսեր արթնացան, որ կարող է մենք նոր փուլի մեջ մտնենք, հասարակությունը կոնսոլիդացվի, իրար հանդեպ վստահություն առաջանա: Ես հիասթափվեցի, որովհետեւ այդ ճանապարհով չգնացինք»,-ասաց նա:

Վազգեն Մանույնաը նկատեց, որ իհարկե, անցյալից պետք է դասեր քաղել, բայց ոչ թե թուրը վերցրած սկսել անցյալը ջնջել. «Ես դրան կտրականապես դեմ եմ: Հայաստանում եւ Ղարաբաղում գնում է մի պրոցես, որ աշխատում են ազատվել մտածող մարդկանցից: Այսինքն փորձում են ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորը ենթակա են մեկ մարդու կամ մեկ կառույցի, իշխանության ճյուղերն անջատված չեն: Մենք ոչ թե նախկինի հետ պետք է համեմատենք, այլ այն իդեալի հետ, որն ունենք: Այդ տեսանկյունից ես կարծես թե չեմ տեղավորվում այդ նկարի մեջ»: