Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ սկսեցին դժգոհել իրենց դժվար ճակատագրից, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Այսպես՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը դժգոհեց, որ խորհրդարանում իրեն պատգամավորներ են հանդիպել, որոնք զրկված էին տեքստը սքանավորելու հնարավորությունից: «Եվ սա այն դեպքում, երբ պատգամավորի համար կարեւոր է սքաներ ունենալը, որ հնարավորություն ունենա կատարելու իր անմիջական պարտականությունները»,- պարզաբանեց Կոնջորյանը:
Բայց պատգամավորի դժգոհությունը չստացավ խմբակցության իր գործընկերոջ՝ Վլադիմիր Վարդանյանի աջակցությունը, որը վարում էր այսօրվա քննարկումը: «Պարոն Կոնջորյան, իսկ դուք որպես սքաներ կարող եք օգտագործել նաեւ ձեր հեռախոսը: Դուք չէ՞ որ այդ մասին գիտեիք»,- կատակով հայտարարեց Վարդանյանը: Սակայն Կոնջորյանը շարունակեց դժգոհել եւ նշեց, որ քաղաքացիների ընդունելության համար նախատեսված շենքը ոչ պատշաճ վիճակում է եւ վերանորոգման կարիք ունի:











