Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երկրում չէ, հարցաքննության չի հրավիրվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Մենք այդ գործը քր․ դատ․ օրենսգրքի ուղարկել ենք ՀՔԾ, սակայն վերահսկող դատախազը գտել է, որ լրացուցիչ գործողություններ պետք է արվի եւ ուղարկվել է ՔԿ։ Այս գործողություններից հետո կքննարկվի դարձյալ կուղարկվի ՀՔԾ, թե ոչ»,-նշել է նա։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ կան մի շարք տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնք ավելի ուշ պետք է հատկացվեր կամ պետք է հանձնաժողովի քննարկման արդյունքում հատկացվեր, բայց ոչ միանձնյա որոշման արդյունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երեւան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարի 19.03.2013թ. թիվ 287 հրամանով ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երեւան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, եւ այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս եւ պետության օրինական շահերին:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ: