Առաջարկում եմ պարոն Սանասարյանին դիմել իրավապահ մարմիններին, եթե կարծում է,որ կոռուպցիոն գործարքներ են կատարվել որեւէ պետական պաշտոնյայի կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՊՎԾ ղեկավար (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի վերջին հայտարարությանը։

Աղաջանյանի խոսքով՝ եթե հիմնավոր փաստարկներ կան, Սանասարյանը կարող է դիմել իրավապահներին. «Այսօրվա Հայաստանում որեւէ մեկը, որեւէ պաշտոնյա ինդուլգենցիա չունի օրենքի նկատմամբ, որեւէ ոտնձգության տեսանկյունից»։

Լրագրողի  դիտարկմանը, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ Դավիթ Սանասարյանը մեկ տարի զբաղեցրել է այդ պաշտոնը եւ կարող էր ուսումնասիրություններ անել, հիմա այդ ծառայությունը չի՞ կարող ուսումնասիրություններ անել, Աղաջանյանը պատասխանեց. «Կարող է, բայց, այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանի բարձրացրած խնդիրը մնում է ակտուալ։ Եթե խնդիրները բարձրացնում է պարոն Սանասարյանը, ենթադրվում է, որ լինելով պաշտոնյա՝ ինքը եւս կարող էր այդ խնդիրներին անդրադառնալ»։

Լավ կլինի լյուստրացիա արվի, թե այդ մարդիկ ում են ծառայում․ Սանասարյանը՝ իրավապահ համակարգի մասին