Ուկրաինայի Գերագույն ռադան մերժել է Օդեսայում 2014-ի մայիսի 2-ի իրադարձությունների հետաքննության մասին «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության առաջարկը, հաղորդում է LB.ua-ն:
Փաստերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկել է միայն 79 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ից:
Հանձնաժողովի հիմնական նպատակն էր անկարգությունների պատճառը, դրանց կազմակերպիչների, հրահրողների եւ աջակիցների, նախնական դավադրության առկայության, վնաս հասցնելու հանգամանքների հետաքննությունը:
Քվեարկությունից հետո դահլիճում լեզվակռիվ է սկսվել «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» եւ «Ժողովրդի ծառա» կուսակցությունների պատգամավորների միջեւ: Առաջին փոխխոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը պատգամավորներին խնդրել է նստել իրենց տեղերն ու զգուշացրել, որ կփակի նիստը, եթե պատգամավորները շարունակեն ծեծկռտուքը:
Դրանից հետո ծեծկռտուքը դադարեցվել է: Պատգամավորները շարունակել են աշխատանքը:
Հիշեցնենք, որ Օդեսայում 2014-ի մայիսի 2-ին զանգվածային բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով 48 մարդ է զոհվել, 124-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում 21 իրավապահ կա:











