Դուք խոսում եք մի մարդու մասին, որը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով «Մել» ֆիլմի մասին։
«Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար։ Այս գումարը հատկացվել է մինչև իմ նախարար դառնալը, բայց իմ նախարար դառնալուց հետո ամենակարևոր սկզբունքն է եղել ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում»,-նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ռեժիսոր Իննա Սահակյանի այդ ֆիլմի համար «Բարս Մեդիա» ՍՊԸ-ն ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցելով: Նշենք, որ Ազգային կինոկենտրոնն այժմ գտնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո: Հիշեցնենք, որ Մելինե Դալուզյանը՝ որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, քաղաքական ապաստան է ստացել և բնակվում է Նիդեռլանդներում։











