Եթե դատարանը որոշի, որ որևէ մեկը մեղավոր է, կպատժվի, ով ուզում է լինի։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ կապված գործով տուժող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լևոն Երանոսյանը պետք է պատժվի։

ԱԺ փոխնախագահը հրաժարվեց այլ մեկնաբանություն անել, սակայն նշեց, որ նյութական պահանջ չունի․ «Ես նյութական պահանջ չունեմ, իմ միակ պահանջն է եղել, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, և հանդիպել եմ նախկին ոստիկանապետի հետ, և կարծես թե խնդիրը լուծվել է։

Այդ նռնակներից մեկի պատճառով Մարտի 1-ին զոհ է եղել, այդ օրը Բաղրամյանում բազմաթիվ մարդիկ տուժեցին, իմ վնասվածքը թերևս ամենաթեթևներից է եղել, ոստքիս մեջ 3 բեկոր է եղել, գիտեք՝ ունենք աղջիկ, որի դեմքն էր վնասվել, ունենք տղա, որի ոտքի հետ կապված մինչ օրս խնդիրներ կան, սակայն նման բան ՀՀ-ում չպետք է լինի»։

Հիշեցնենք՝ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է  2018 թվականին հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետեւանքով տուժել են երկու տասնյակից ավել ցուցարարներ: