Նախկինում իշխանության տարբեր ներկայացուցիչներ այնպես էին հիմնավորում, որ նորմալ է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որ ես ապշում էի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Անգամ մեր ռուս գործընկերներն ավելի կաշկանդված էին, արդարանում էին, եւ իրենք էին դատապարտում զենքի վաճառքը, քան մեր իշխանությունները: Այսօր այդ իրավիճակը չունենք, ավելի անկաշկանդ ենք այդ առումով: Հեղափոխությունից հետո մենք տվյալ չունենք, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսինքն ինչ կա, նախկինում եղածն է»,-ասաց Մարուքյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո ինքը դիմել էր ՌԴ նախագահին, Դումայի նախագահին եւ Դաշնային ժողովի նախագահին, որ Ադրբեջանի հետ կնքված պայմանագիրը դադարեցվի այն հիմքով, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է թույլ տվել: «Բայց մեր ԱԳՆ-ն ոչ մի կերպ այդ փաստաթղթերը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները որեւէ կերպ չօգտագործեց: Խոսքը զինվորների գլխատումների, քաղաքացիական անձանց սպանությունների, անդամահատումների, դիակների խոշտանգումների մասին: Սա կարելի էր օգտագործել Ադրբեջանին բլոկադայի ենթարկելու համար զենքի մատակարարումների առումով: Հիմա արդեն բավական ժամանակ անցել է, եւ չեմ կարող ասել՝ մեր ԱԳՆ-ն ինչ-որ բան շարունակում է անել, թե ոչ»:
Մարուքյանը հավելեց, որ եթե Մոսկվայի եւ Բաքվի միջեւ զենքի մատակարարման հետ կապված նոր պայմանագիր լինի, իրենք կպահանջեն իշխանություններից, որ դիմեն ՌԴ-ին այդ հարցով:











