Մենք չպետք է մեր հույսը դնենք մեր բարեկամների ու հարեւանների վրա. մենք ատ դառը պատմություն ունենք տարբեր երկրների վրա հույսը դնելու, որ գան մեր սարերը բարձրանան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի սպառազինությունը կրկնակի մեծացնելուն, նա նշեց, որ ըստ պայմանագրի Հայաստանի վրա հարձակման պարագայում այն կարող է կիրառվել. «Դա գտնվում է ընդհանուր համակարգման տակ, եւ այդ խմբավորման հրամանատարությունն ընդհանուր է: Այդ առումով շատ լավ է, որ ռազմաբազայի ունեցած հնարավորությունները ուժեղացվում են: Բազան կա. հիմա լավ է, որ բազան լինի հի՞ն զենքերով, թե լինի նոր զենքերով: Այո, դա դեկորացիա չի եւ չպետք է դեկորացիայի դեր տանի: Եթե կա բազա, ապա պետք է ամենավերջին սպառազինությամբ հագեցած լինի»,-ասաց Մարուքյանը:
Նա չհամաձայնեց պնդմանը, որ մյուս կողմից դա Հայաստանը թիրախ է դարձնում. «Ո՞վ է ասում, որ թիրախ է դարձնում, ո՞ւմ կողմից է թիրախ դարձնում: մենք փորձ ունենք, որ ռուս-վրացական հակամարտության ժամանակ մենք կարողացել ենք այնքան լինել, որ Գյումրիի ռազմաբազան չի օգտագործվել մեր հարեւանի նկատմամբ: Սա լավ փորձ է եւ այն վերլուծությունները, որ որեւէ հենք չունեն, դրանք ուղղակի քարոզչական բնույթ են կրում»:











