Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը եւ նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ:

«Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Ուզում եմ անդրադառնալ ֆինանսատնտեսական հատվածին: Առաջին ամենակարեւոր հարցը թերեւս հետեւյալն է. խոսքը միջպետական վարկի վերակառուցման մասին է: Մենք համապատասխան պայմանավորվածությունը ձեռք ենք բերել դեռեւս այն ժամանակ, երբ պարոն Հարությունյանն Արցախի պետնախարար էր: Սա շատ կարեւոր որոշում է, որը դե ֆակտո իրականացվում է: Այսինքն՝ քաղաքական որոշմամբ մենք արձանագրել ենք, որ այդ գումարը մենք ավելի լավ է վերակառուցենք: Մեր կառավարությունն Արցախի կառավարության հետ քաղաքական որոշում է կայացրել, որ ավելի լավ է այդ գումարը շարունակվի շրջանառվել Արցախի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարեւորել է նաեւ ՀՀ կառավարության մեկ այլ որոշում, որով 2.1 մլրդ դրամ է տրամադրվելու առաջնագծի եւ ընդհարապես զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: «Հաջորդը. Արցախի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար 2.9մլրդ դրամ հատկացնելու որոշման նախագիծն այս պահին գտնվում է շրջանառության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որոշում է կայացվել նաեւ Արցախի համար ձեռք բերել շտապօգնության 10 մեքենա:

Այնուհետեւ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների համագործակցությանը, տարբեր ոլորտներում գործակցությանը, Հայաստանում եւ Արցախում տնտեսության առանձին ճյուղերի զարգացման խթանմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինխրոնացումը եւ ներդաշնակեցումը պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն: ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են՝ սկսած պաշտպանության ոլորտից վերջացրած սոցիալական զանազան ծրագրերով, եւ այս ջանքերը պետք է կրկնապատկվեն ու եռապատկվեն: Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամանակն է՝ տարբերակելու զանազան ինֆորմացիոն մանիպուլյացիաներն իրական գործընթացներից: Նա խոսել է Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից դիտորդական առաքելություն իրականացվեց եւ որոնք, չնայած որոշ ապոկալիպտիկ կանխատեսումների, ճիշտ հակառակը ցույց տվեցին՝ հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախում ազատ, անկախ, ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է, որ Արցախում եկող տարի սպասվող նախագահական ընտրությունները եւս պետք է լինեն չափազանց թափանցիկ, ազատ, արդար, մրցակցային, ոչինչ չպետք է ստվերի այս ընտրությունների ժողովրդական բնույթը: «Եւ, ինչպես ասում են, թող հաղթի նա, ով կհավաքի Արցախի ընտրողների առավելագույն ձայները, ու մենք այս հարցում միանշանակ աջակցելու ենք Արցախին եւ կանգնած ենք արցախցիների կողքին»,- շեշտել է Արարատ Միրզոյանը: