Ես հենց թիվ 4 ընտրատարածքում առաջադրված եմ եղել եւ որեւէ խնդիր չեմ տեսել, ոչ էլ առնչվել եմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որ նա թիվ 4 ընտրական տարածքում ընտրությունների ժամանակ օգտվել է քրեական տարրերի աջակցությունից:
«Նորմալ անցել են ընտրությունները եւ ոչ մի լուրջ խնդիր ես չեմ տեսել: Խնդիրն ավելի շատ գուցե իմ ոչ այնքան ճանաչելի լինելու հետ էր կապված, ինչպես նաեւ կին թեկնածու լինելու հետ: Որպես ռեյտինգային թեկնածու դա բավականին բարդացնում էր գործընթացը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե իրեն չի՞ մտահոգում, որ իր թիմակիցները միմյանց այդպիսի բանի մեջ են մեղադրում, Վարդանյանն արձագանքեց. «Իրավապահներն ազատ են այդ հայտարարությունը համարել որպես հաղորդում հանցագործության մասին եւ քննություն կատարել: Ավելին ասել չեմ կարող, որովհետեւ տեղյակ չեմ»:











