Երեւանի կենտրոնում, Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող «Beer akademia» գարեջրատան շենքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Դեպքի վայրում է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ հրդեհի բռնկման պահին շենքի տարածքում է եղել, նկատել է հրդեհը եւ անմիջապես զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին եւ հաշված րոպեներ անց դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։

Հիշեցնենք, որ  Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: