«Սոցիալական շարժումը» չունի քաղաքական որեւէ օրակարգ, բացառապես սոցիալական խնդիրներով է զբաղվելու: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, ասաց շարժման նախաձեռնող անդամ Վարհամ Մկրտչյանը:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 23-ին, տեղի է ունեցել «Սոցիալական շարժման» հիմնադրման միջոցառումը:
«Հայաստանում այսօր տեղի են ունենում բազմաթիվ տարերային սոցիալական պրոցեսներ: Տարբեր սոցիալական եւ շահագրգիռ խմբեր իրենց հարցերը բարձրացնելու համար իրենց փոքրիկ հնարավորություններով որոշակի պրոցես են կազմակերպում: Մենք կազմակերպել ենք սա, որպեսզի այդ պրոցեսներն ավելի ընդգրկուն դառնան, ուղղորդվեն, եւ նմանեցնում ենք սա այն շարժմանը, որ մի շարժման ներսում եթե քաոտիկ է, տարերային է, ոչ մի օգտակար էներգիա այդտեղ հնարավոր չէ ստանալ, բայց եթե այդ շարժումն ուղղորդենք, ապա կարող ենք ստանալ շատ օգտակար էներգիա»,- ասաց նա:
Մկրտչյանի խոսքով` պետությունը չի կարող բոլոր թվարկված հարցերը միանգամից լուծել, եւ պետք է դասակարգել, ըստ հրատապության առաջ քաշել, ինչը երկարաժամկետ պրոցես է:
Նա նշեց, որ փետրվարի 23-ին իրենք կանցկացնեն համաժողովի երկրորդ փուլը Մարզահամերգային համալիրում:











