Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երեւանի զարգացման հնգամյա զարգացման պլանի որոշ կետերի առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ։
«Մենք խոսել ենք կարեւորագույն կետերի եւ հիմնախնդիրների մասին, որոնք ցավոք սրտի դուրս են մնացել հնգամյա զարգացման ծրագրից, ինչպես օրինակ վերելակների փոխում, ոչ թե նորոգում, տրանսպորտային ցանցը, որին ոչ մի հղում չի արվում եւ գրված է մեկ օպերատոր, հանգույցների կառուցումը, ստորգետնյա եւ վերգետնյա անցումների կառուցումը, ստորգետնյա ավտոկայանատեղիները, այսինքն՝ այս բոլոր կետերը դուրս են մնացել հնգամյա զարգացման պլանից»,-նշեց խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանը։
Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ մանրամասնեց՝ մի շարք խնդիրների մասին նշված չէ ծրագրում։
«Նախ գիտեք, որ ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը կրիտիկական խնդիր է, մեքենաները շատացել են եւ դրան քաղաքային իշխանությունները պետք է արձագանքեն, 2018-ին մեր ընդունած զարգացման պլանում այս կետն առկա էր, առկա էր նաեւ մի շարք տրանսպորտային հանգույցների վերաբերյալ կետեր, ինչպիսիք էին՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ եղած հանգույցը, որ պետք է բեռնաթափվեր, կրկեսի մոտ եղած հանգույցը։ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին եւս նշված էր, որ այդ շենքերի բնակիչները պետք է վերաբնակեցվեն։ Այս անգամ հանրային քննարկման է դրվել մի հնգամյա զարգացման պլան, որտեղ նշածս կետերը բացակայում են։ Նշված է, որ ունենք հիմնախնդիր, բայց ծրագիր, որ պետք է իրականացվի, այն ինչ եղել է, դուրս է բերվում»։
Նա հավելեց՝ տեսնում են օրենքի խախտում․ «Չի պահպանվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի այն պահանջը, որով քաղաքապետը կարող է փոփոխել հնգամյա զարգացման պլանը բացառապես այն դեպքում, երբ ներկայացնում է հաշվետվություն, եւ ասում, որ ես ունեմ օբյեկտիվ խնդիր, եւ չեմ կարողանում այդ կետերը իրականացնել։
Մենք այսօր դիմելու ենք քաղաքապետին, հարցումը պատրաստ է, պահանջելով պարզաբանումներ։ Եթե նույնսիկ մենք չսպասենք մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը հաշվետվության ներկայացմանը, ինչը պահանջում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, Երեւանի ՏԻՄ օրենքն ասում է՝ առանց օբյեկտիվ խոչընդոտների հստակ պարզաբանման հնարավոր չէ փոփոխություն իրականացվել։
Բացի այդ նախընտրական շրջանի խոստումներ կային, որոնք 5-ամյա զարգացման պլանում չեն տեղայնացվել։ Մեր խմբակցությունով մենք պնդելու ենք, որ այս ծրագիրը չքննարկվի դեկտեմբեր ամսին, այլ քաղաքապետը սահմանված կարգով մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը պետք է հաշվատվություն ներկայացնի, նոր փոփոխություն արվի»։
Խաժակյանի կարծիքով՝ նայել են թե քաղաքային իշխանության համար ինչն ավելի հեշտ կլինի իրականացնել, եւ հետ են կանգնել իրենց նախընտրական խոստումներից, դրանով է պայմանավորված հապճեպությունը։











