Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրված նախագահ Հայկուհի Հարությունյանը շատ արժանի թեկնածու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվելուն:
Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը հանձնաժողովում առաջադրվել էր հենց «Լուսավոր Հայաստան»-ի կողմից:
«Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում եւ մեր առաջադրման հիմքում հենց այն է եղել, որ ամբողջությամբ վստահում ենք նրան թե բարեվարքության, թե մասնագիտական կարողությունների բարձր մակարդակի առումով: Հանձնաժողովի առաջին կազմից շատ բան է կախված, որովհետեւ այս կազմն է, որ իր ներդրումն է ունենալու Հանձնաժողովի հիմքը դնելու առումով: Ինչպես հիմքը դնեն, այդպես էլ գնալու է, իսկ ապագայում եկող անդամները ավելի քիչ ազդեցություն կարող են ունենալ դրված հիմքը փոխելու համար: Շատ կարեւոր է, որ հիմա լավ հիմքեր դրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության համար»,-նշեց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ Կոռուպցիայի կանխարգելման ձեւավորված հանձնաժողովը բավականին տարբերվում է նախկին Էթիկայի հանձնաժողովից, եւ լիազորություններն ավելի մեծ են. «Դրա մեջ մտնում է թե ամբողջապես հայտարարագրերի ներկայացման եւ ուսումնասիրման, դրանց հետ կապված մոնիտորինգի աշխատանքները, թե նաեւ կրթության հետ կապված, որովհետեւ հանձնաժողովը բազմաթիվ գործառույթներ ունի նաեւ հակակոռուպցիոն կրթություն իրականացնելու, իրազեկելու: Այսինքն ոչ թե սպասենք՝ մեկը կոռուպցիայի մեջ թաթախվի, մենք էլ գանք բռնենք, այլ այնպես անենք, որ ուղղակի բոլորը կոռուպցիայից զերծ լինեն»:
Հարցին, թե ինչ էական տարբերություն կլիներ, եթե ընտրվեր իշխանության ներկայացրած թեկնածուն, Մարուքյանը պատասխանեց, որ Հայկուհի Հարությունյանն ամեն դեպքում իր դերը կունենար, սակայն ավելի լավ է, որ նման փորձառու մարդ ընտրվեց:
«Շատ կարեւոր է նայել մարդու անցած ճանապարհին, եւ տիկին Հարությունյանը մեծ ճանապարհ է անցել իրավապաշտպան դաշտում: Երբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը պետության կողմից ապահովելու մակարդակը նվազում է, համակարգը թաղվում է կոռուպցիայի մեջ: Այսինքն այդ երկուսն իրար հետ լուրջ փոխկապակցված են: Կոռուպցիայի տարածումը դա նման է քաղցկեղի այն փուլին, երբ մետաստազները տարածվում են: Մենք պետք է այնպես անենք, որ մեր բոլոր համակարգերը որեւէ պարագայում չհասնեն նման «ախտահարման»,-ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:











