«Լուսավոր Հայաստանը» դեմ է ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի գնալու վերաբերյալ  օրինագծի միջոցով ՍԴ-ի շուրջ առկա խնդիրը լուծելուն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք դեմ ենք այդ համակարգին, մենք չենք համարում, որ մեր հարկատուների գումարով կարելի է որեւէ մեկին ուղարկել տուն եւ իր առաքելությունը չիրականացնելու համար տալ այդ աշխատավարձը: Ավելին, որ դատավորը համաձայնի այդ կարգավորմանը, անցնելու է ինքնանվաստացման գործընթացի միջով: Սա լուրջ հետեւանքներ ունեցող բան է, ես չեմ կարծում, թե սա լավ ձեւ է եւ այս ճանապարհով հնարավոր է խնդիրը լուծել»,-ասաց նա:

Մարուքյանն ընդգծեց, որ իրենք ՍԴ-ում առկա խնդրի լուծումը տեսնում են սահմանադրական փոփոխություններով. «Այս խնդիրների լուծումը հենց սահմանադրական փոփոխությունների միջոցով պետք է իրականացնել»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական փաթեթով, որը ենթադրում է, որ ՍԴ անդամները կարող են մինչեւ հունվարի 31-ը կամավոր հրաժարական տալ՝ պահպանելով իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: ՍԴ մի քանի անդամենր արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: