Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում եւ կանխարգելման գործում առաջին անգամ դրսեւորվել է քաղաքական կամքի այս չափի մասշտաբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Նրա խոսքով, Հանձնաժողովը ձեւավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում. «Եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ փորձերը, պետք է հստակ այդ ուրվագիծը դուրս բերվի՝ ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել։
Այդ պատասխանատվությունը ստանձնել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաեւ ընդդիմությունը, պահպանվել է նաեւ իշխանության երեք ճյուղերի հավասարակշռման սկզբունքը՝ ունենք անդամներ Կառավարությունից, Ազգային ժողովից եւ Բարձրագույն դատական խորհրդից։ Հանձնաժողովի գործունեության նպատակը պրակտիկայում այդ քաղաքական կամքը իրականություն դարձնելն է»,- ընդգծել է Հարությունյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունը հանձնաժողովում ներկայացրել էր «Լուսավոր Հայաստանը»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների եւ միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր եւ իրականացնում միջոցառումներ։











