Միանշանակ բացառում եմ, որ որեւէ պայմանավորվածություն է եղել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե՝ արդյոք նախնական պայմանավորվածություն եղել է հանձնաժողովի նախագահի ընրտրության վերաբերյալ։

Չնայած նրան, որ նիստին ներկա լրագրողները կարծես նախնական պայմանավորվածություն նկատեցին, նորընտիր նախագահը շարունակեց ժխտել այդ վարկածը. «Չնայած այն հանգամանքի, որ ես առաջադրվեցի, ինձ համար իմ թեկնածության հաստատումն անակնկալ էր եւ որեւէ պայմանավորվածություն չի եղել»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, որը եւս քվեարկեց «ԼՀԿ»–ի ներկայացուցչի օգտին։ Վերջինս եւս բացառեց հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը։

«Այս մարմինն ինքնավար մարմին է եւ յուրաքանչյուր անդամը եւս ինքնավար է։ Որեւէ հրահանգ կամ որեւէ պատվեր չի կարող իջեցվել այս մարմնի, որեւէ անդամի նկատմամբ։ Այստեղ գալուց չգիտեի, թե ում օգտին եմ քվեարկելու, ելույթների եւ հարցերի արդյունքում եմ որոշել»,– ասաց Ալեքսանյանը։

«Իմ քայլ»–ի թեկնածու Էդգար Շաթիրյանը որը եւս առաջադրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, շնորհավորեց նորընտիր նախագահին եւ բացառեց նման սցենարը. «Սրտանց ուրախ եմ գործընկերոջս համար։ Բնականաբար, եթե ես էի առաջադրվել, ցանկանում էր, որ ես ընտրվել, բայց ի սկզբանե ասացի, որ երբեւէ պաշտոնամոլությամբ, պաշտոնատենչությամբ, աթոռամեռությամբ, չեմ տառապել, հենց այնպես չէի նշում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայկուհի Հարությունյանը  ձայների մեծամասնությամբ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունը հանձնաժողովում ներկայացրել էր «Լուսավոր Հայաստանը»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի,  Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների եւ միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր եւ իրականացնում միջոցառումներ։