Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը այսօր՝ նոյեմբերի 26-ին, քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց, թե նվեր ստացած «Կամազները» համայնքային սեփականություն են, թե համայնքը շահագործում է ուրիշի գույքը։
«Ինչպես այսօր նիստի մեկնարկին մենք ձեզ ուրախացրեցինք, ընթացքում դուք էլ մեզ շատ մեծ զավեշտ պարգևեցինք։ Օրինակ, որ չեք հիշում «Կամազ» նվիրողների անունները, դա նաև կարելի է վիրավորանք համարել էդ մարդկանց համար, որովհետև բարեգործ են, նվեր են տվել համայնքին և դուք նրանց անունները չեք հիշում։ Արդյոք չեք հիոշւմ նաև այն մասով, որ այսօր հաղորդագրություն տարածվեց, որտեղ խոսվում էր Դավիթաշենում շինարարություն անող մեկ մարդու կողմից միաժամանակ 10 «Կամազ» նվիրելու մասին, արդյոք ճիշտ է դա՞»,- հարցրեց Անի Խաչատրյանը։
Հայկ Մարությանն արձագանքեց․ «Երևան քաղաքին բազմաթիվ անհատներ, բազմաթիվ ընկերություններ, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներ օգնում են տարբեր ձևով՝ տեխնիկայի, ուղղակի աշխատուժի, բնակմակերես տրամադրելու ձևով, ծառայություններ մատուցելու ձևով, և ես բոլորին շնորհակալ եմ դրա համար։ Ես չեմ կարող հիշել բոլոր կազմակերպություններին, որոնք նվիրատվություն են անում, որովհետև կազմակերպությունների անունները հաճախ նաև տարօրինակ են հնչում, և ես չեմ պատրաստվում մտաբերել բոլորը։ Իսկ երբ ասում եք, որ Դավիթաշենի կառուցապատող 10 «Կամազ» է նվիրել, այդպիսի մարդ չեմ ճանաչում»։
Մարությանն ասաց, որ 20 բեռնատար մեքենա նվիրվել է աղբահանության հիմնարկին․
«Եղել են մարդիկ, որոնք իրենց գույքն են տրամադրել, որ շահագործենք, կան մարդիկ, որ նվիրել են գույքը, դիմեք, ձեզ ցուցակով կհանեն, կտան։ Միայն գիտեմ, որ աղբահանության հիմնարկը 34-ն է ձեռք բերել, հիմա կա 54 մեքենա, նշանակում է 20-ը նվիրատվություն է»։











