Այսօրվա իմ հերոսը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, լա՞վ եք, ի՞նչ կա չկա, պարոն Գրիգորյան։ Հիմա կզարմանաք, թե էս ինչ դիմալաձև է, բայց ցանկանում եմ, որ դուք և ձեր աշխատողները սովորեք, որ պաշտոնական դիմումներին պաշտոնապես պատասխանեք, ոչ թե օրինակ՝ «Բարև Ձեզ տիկին Արփի Դավոյան»։ Ազգային ժողովի պատգամավոր Արփի Դավոյանը դիմել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին Ստեփանավանից եկած աղբահանության մեքենաների հետ կապված խնդրով, որից հետո աղբահանության հիմնարկը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում պատասխանել էր պատգամավորին տնավարի, որտեղ կար առնվազն երկու կետ խախտում, որից մեկը մարդու իրավունքների, մեկը աշխատանքի իրավունքների հետ կապված։ Իսկ քիչ անց էլ այս պատասխանն անհետացավ հիմնարկի ֆեյսբուքյան էջից։ Վարորդներին տրամադրում եք անսարք մեքենաներ և ասում եք՝ քշեք, վարորդը ստիպված է լինում ազատման դիմում ներկայացնել, խախտել եք վարորդի թե մարդու, թե աշխատանքային իրավունքները։ Հիմնարկի բակում գիշերով կռիվ է եղել, որին մասնակցել են ձեր ընկերները, որոնցից մեկին ասում են մոտ օրերս ձեր օգնական եք ցանկանում նշանակել։ Հոկտեմբերին ինչու միաժամանակ աշխատանքից ազատվեցին գլխավոր հաշվապահը, գնումների համակարգողը, կադրերի պատասխանատուն, աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետը։ Խնդրում եմ ցիտեք հաշվապահի ազատման դիմումի բովանդակությունը»,-նշեց նա։
Գրիգորյանն արձագանքեց․ «Տիկին Արփի Դավոյանի նամակի հետ կապված եղել են տեխնիկական խնդիրներ, բացի Արփի Դավոյանի նամակից էլի ինֆորմացիա է կորել ֆեյսբուքյան էջից։ Վարորդի հետ կապված՝ այդ մեքենան եկել է Ստեփանավանից իր վարորդով, մեր վարորդները տեսել են, որ անսարք է, հրաժարվել են քշել, փոխանցման տուփի հետ խնդիր է եղել»։
Անի Խաչատրյանը նշեց․ «Այսինքն ֆիքսենք, որ գործատուն փչացած մեքենա է տվել աշխատողին, անցեք առաջ»։
Ազատումների հետ կապված Գրիգորյանը ասաց․ «Կառուցվածքային փոփոխություն, բոլորն անցել են փորձաշրջան, պայմանագիրը չեմ երկարացրել, բովանդակությունը՝ խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից, մնացածը չեմ հիշում»։
Անի Խաչատրյանը միջամտեց և ասաց, որ բովանդակությունն ինքը կասի․ «․․․Որովհետև տնօրենը վատ է վարվում աշխատակիցների հետ»։
Բակում ծեծկռտուքի մասին լուրը հիմնարկի տնօրենը չհերքեց․ «Բակում եղել է միջադեպ, վարորդների վեճ է եղել, ինձ զեկուցել են, այդ մարդն ինձ օգնական չի, չի էլ լինի։ Կենթարկվեն կարգապահական պատասխանատվության»։
Խաչատրյանն արձագանքեց․ «Ուզում ենք իրավական պետություն ունենալ, բայց «ռազբորկաների» մշակույթը շարունակվում է»։
«Լույս» խմբակցության անդամը նաև հավելեց․ «Լուրեր են հասել, որ տենդեռ շահած կազմակերպություններին գումարը ժամկետին չեք տրամադրում, ձեր աշխատակիցները բանվոր են ծեծում Կենտրոն վարչական շրջանում, նաև դուք եք վատ վերաբերում աշխատողների հետ, ձայնագրություններ էլ կան, թե ինչպես են 18 + կռիվներ անում, ամենավերջին հայհոյանքներով կռվում այնտեղ, որտեղ բնակիչներ են ապրում։ Պարծենում եք, թե ձեր թիկունքը քաղաքապետն է, Արեյանին ու Խաչիկյանին «չունեք պրիզնատ գալու»։ Մի բան էլ՝ չվերագրեք էս ամիսների աղբահանություընը որպես ձեր աշխատանք, որովհետև դա Աշոտ Ասատրյանի աշխատանք է։ Դուք նեղվել եք, որ ձեր կողքը տղա է լինում»
Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Չի համապատասխանում իրականությանը, ես ռազբորակներով և պրիզնատ գալով չեմ շփվում»։











