Ինձ են դիմել «Մալականի այգի» տարածքի բնակիչներ, որ դուք ոռոգվող գազոնի փոխարեն ասֆալտ եք փռել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավագանու նիստին ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Մենք 300 միլիոն բյուջե ենք դնում ոռոգման և կանաչապատ տարածք ստեղծելու համար, դուք գազոնը ասֆալտապատում եք։ Ես բազմաթիվ նկարներ ունեմ, խնդրում եմ չհերքեք»,-նշեց ավագանու անդամը։

Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն արձագանքեց․  «Հրապարակեք նկարները, տեսնենք ինչ գազոնի մասին է խոսքը։ Եթե խոսքը գնում է «Մալականի այգու» հասնելու մայթային հատվածին, որտեղ վերջին 10-20 տարվա ընթացքում որպես մայթ չէր օգտագործվում, մարդիկ չէին կարողանում այգի հասնել։ Մենք որոշեցինք, որ պետք է հոգանք փողոցի փոխարեն մայթով այցի հասնելու գործը։ Այս մայթին ոչ թե գազոն է եղել, այլ հողային պաստառ է եղել, որտեղ ենթադրվում է, որ ժամանակին խոտ է աճել։ Այդտեղ նաև ծառեր են եղել, որոնք խնամվել են, և այսուհետ կոռոգվեն»։