Լարումներ եմ նկատում և նկատում եմ ընդդիմության նկատմամբ լարվածություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։
«Լարումներ եմ նկատում այստեղ և նկատում եմ ընդդիմության նկատմամբ լարվածություն։ Ուրեմն ասեմ Ձեզ, ընդդիմությունը նրա համար է, որ կարողանան սխալներն ասել, որովհետև Ձեր իշխանության ավագանիները գուցե չեն նկատում։ Ինչի՞ պիտի ամեն անգամ մեզ հիշեցնեք, որ գիտեք՝ ինչ կա, երևանցիները տեսնում են, թե դուք ինչով եք զբաղվում։ Ինչո՞վ ենք զբաղվում, պարոն քաղաքապետ։ Սա ի՞նչ խոսելու ձև է, ես մեկ տարի լռել եմ, բայց սա հարիր չէ նաև Ձեզ՝ կնոջ հետ խոսելու ոճը, միգուցե հրավիրեիք, ասեիք՝ միասին կստենք, կզրուցենք, կհասկանանք։ Կոչ եմ անում այստեղ հանգստություն տիրի և աշխատանքային պրոցեսի մեջ մտնենք»,- ասաց նա։
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, թե իր համար կապ չունի՝ որ ֆրակցիայից է մարդը․ «Մարդը կա՛մ ճիշտ է խոսում, կա՛մ սուտ: Ինձ համար կապ չունի՝ որ ֆրակցիայից է մարդը։ Եթե ասվում է ակնհայտ սուտ, այո՛, ես պետք է ասեմ, որ դա սուտ է։ Ես ժամանակ չունեմ մարդուն հրավիրել։ Ձեր հորդորը տեղին էր, բայց հասցեատերը սխալ էր»։











