«Պեժո» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից հափշտակություն կատարած անձը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողության 2 դեպք գրանցվեց:

Առաջին ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց ժամը 12։30-ի սահմաններում. հայտնում էին, որ օրը ցերեկով կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի ապակին, սրահից գողացել պայուսակ, որի մեջ եղել էր փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր:

Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քիչ անց տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Միրաքյան փողոցի 30-ամյա մի բնակիչ: Ժամը 16։00-ի սահմաներում նշված հասցեից նա բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Գողոնը հայտնաբերվեց:

Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրսատվում, երբ նույն օրը բաժնում գաղտնի հափշտակության վերաբերյալ մեկ այլ հաղորդում ստացվեց: Ժամեր առաջ կոտրել էին Սեբաստիա փողոցում կայանված «Պեժո» մակնիշի մեքենայի ապակին եւ սրահից դարձյալ պայուսակ հափշտակել, որի մեջ փող էր եղել:

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երկու գողություններն էլ նույն մարդու ձեռքի գործն են:

Կասկածվողը մինչ բերման ենթարկվելը հասցրել էր նաեւ Սեբաստիա փողոցում կայանված մեքենայից գողություն անել:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: