«Իմ քայլը» խմբակցությունը պետք է գնահատի, որ իրենց թեկնածուն հրաժարական է տալիս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանը:

«Ես գրեթե վստահ եմ, որ հրաժարականի պատճառն այն է, որ ինքը չէր ընտրվել հանձնաժողովի նախագահ: Այստեղ մենք որեւէ գնահատելու խնդիր չունենք, մենք արձանագրում ենք փաստը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված թեկնածու Հայկուհի Հարությունյանը:

Թեկնածու էր նաեւ Էդգար Շաթիրյանը, սակայն նա չի ընտրվել:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի,  Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Դրանից հետո Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում.

«Անձիս (անձնական եւ մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության եւ, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի եւ թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Շաթիրյանը: