ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Արսեն Սարդարյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 15։30-ին։
Դատական նիստին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Ըստ Սանասարյանի պաշտպաների՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որն իրականացրել է այս քրեական գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է: Ըստ պաշտպանների՝ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը եւ կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։
Դատախազ Գեւորգ Սարգսյանն էլ առարկեց՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։ Դատախազն իր առարկությունը հիմնավորեց, որ պաշտպանի միջնորդության մեջ վիճարկվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կարգավիճակի հարցը. «Նախ պետք է հասկանալ՝ ինչ ասել է կարգավիճակ. դա իրավունքների եւ պարտականությունների ամբողջությունն է, որը, ինչպես նշեցի, նախատեսված է Քրեական դատավարության մասին օրենսգրքով, ուստի որեւէ բան, որը չի բխում օրենքից, ըստ էության, չկա»:
Հիշեցնենք, որ այդ միջնորդությունը ամբաստանյալի պաշտպանները ներկայացրել էին նախորդ նստին բանավոր, այս նիստին արդեն գրավոր տարբերակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ նոյեմբերի 27-ին շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։











