Եթե ուսանողներն ուզում են այս եւ ցանկացած այլ առարկաներն անցնել, կրթական ծրագրի իրականացնողը ելնելով իր շահերից անպայման կընդգրկի այդ առարկաները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ 

«Այս հայտարարությանը պատասխանեց ԵՊՀ աշխատակից Էդուարդ Գալստյանը։ «Ելնելով իր շահերից։ Սա այն փաստն է, որ մեզ անհանգստացնում է։ Այս իսկ պատճառով մենք ուզում էինք ընդհանուր քննարկում, ոչ թե այպես ոտքի վրա հարցուպատասխան»,-ասաց նա։

Ռեկտորի պաշտոնակատարը ճշտող հարց ուղղեց Գալստանին համոզվելու համար, որ վերջինս ուսանող չէ, ինչից հետո հարցրեց, թե ի՞նչ է անում այդտեղ։ Լսելով «Գործադուլ եմ անում» պատասխանը, Գեւորգյանը խնդրեց կարդալ գործադուլի մասին օրենքը եւ դիմել արհմիությանը, ինչին ԵՊՀ աշխատակիցը պատասխանեց. «Ես չգիտեմ 2018 թվականին պարոն նախարաին նույնը խնդրել եք, թե չէ, արհմիությունը տեղյակ է, որովհետեւ ես հրապարակային եմ հայտարարել գործադուլի մասին»։

Դասադուլի մասնակիցները ռեկտորի պաշտոնակատարին նաեւ հարց ուղղեցին, թե ինքն իրեն ինչպես է զգում, որ լինելով ակադեմիկոս եւ ունենալով բազմաթիվ հոդվածներ, կատարում են մի մարդու ասածը, որն այդքան էլ մեծ փորձ չունի ոլորտում։

«Պրոֆեսորադասախոսական կազմը եւ ակադեմիան նստած, մի նախարար, որ կյանքում ընդամենը 6 հոդված է գրել… Այդ մարդիկ ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը կյանքի տեւողություն»,–ասաց դասադուլի մասնակիցը։

Ռեկտորի խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել ֆակուլտետի ուսանողների հետ միայն մեկ պայմանով. «Եթե կլինի խոսքի ընդհատում, թողնում ենք դուրս գանք։

Ռեկտորի պաշտոնակատարը ակցիայի մասնակիցներին ասաց, որ վաղը գնան իր մոտ եւ հանդիպման օրը պայմանավորվեն։