Պետական եկամուտների կոմիտեում ընթանում է ավտոներկրողների հանդիպումը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։

Պետական եկամուտների կոմիտեի դիմաց այսօր՝ նոյեմբերի 27-ին բողոքի ակցիայից հետո ավտոներկրողները համաձայնության էին եկել հանդիպել Մաշադյանի հետ։

Նշենք, որ ավտոներկրողները այսօր որոշել էին փողոցը փակել և այդպիսով ցանկանում էին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել։ Խորենացի փողոցը փակելուց հետո բախում տեղի ունեցավ ավտոներկրողների և ոստիկանների միջև։ Ոստիկանների պահանջով՝ ցուցարարները որոշեցին փողոցը բացել։ 

Ավտոներկրողները բողոքեցին՝ մի օրենք է ընդունվել, որի մասին իրենք տեղյակ չեն եղել․  «Եթե մի հոգու անունով 2 մեքենա է ներմուծվել, անցած տարվա հունիսից օրենք են մտցրել ուժի մեջ, որ 2-րդ ավտոյից գումար պետք է բռնագանձեն, այն էլ 20 տոկոս։ Ես 100 դոլար փող եմ դրա մեջ աշխատել, 200 հազար դրամ որտեղից տանեմ, վճարեմ։ Երեկ էլ նամակ է եկել, որ 224 հազար է դարձել։ Սա հարկային տեռոր է։ Օրենքն ընդունել են գաղտնի, ոչ ոք տեղյակ չի եղել»։

Ավտոներկրողները  դժգոհ են՝  մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են:

Նրանք նաև պնդում են, որ անհարամարություններ է պատճառում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։