«Թող Հայաստանի քաղաքացին գնա Ղազախստան ու հացն առանց հերթի առնի, կարո՞ղ է առնել, ուր մնաց ավտոմաքսատուն մտնի»։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս իր զայրույթն այսպես արտահայտեց ավտոներկրողներից մեկը։

Նշենք, որ ավտոներկրողները  դժգոհ են՝  մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետեւանքով մեքենաները վնասվում են: Նրանք նաեւ պնդում են, որ անհարամարություններ է պատճառում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։

«Մեզ հետ կռիվ արեցին՝ սոցիալական քարտ հանեք, նույն վճարումով, իրենց Ղազախստանի անձնագրով, որն ինքը գնել է ինչ-որ հայից 5 հազար դրամով, գալիս իր համար ավտո է գրանցում, թողնում գնում է։ Իսկ մենք՝ 13 տարվա գործ անողներս, էսօր տուպիկի մեջ ենք ընկել, երանի ենք տալիս, որ ձյուն չդնի, կարողանանք Գյումրի հասնել, էս քաչալ պակրիշկաներով։  Գնում տեսնում ես, որ նույն հերթի մեջ հարյուր հոգի է կանգնել, եւ հարյուրից յոթանասունը ղազախ է։ Էսօր Ղազախը մեզ հետ հավասար քյալլա է տալիս ավտոմաքսատանը, դաժե կռիվ ա անում, ասում ա՝ իմ հերթն ա, գիտե՞ս։ Սոցիալական քարտս ճղեմ գցե՞մ, եթե պիտի այդ քարտը վերցնեմ պետությունից, որ ինձ ասեն՝ քո Հայաստանի Հանրապետության ներքին վճարումներ ցանկացած հարցում  դա պետք է գալու։ Էսօր սոցիալական քարտս փտել է, որովհետեւ ղազախն իր Ղազախստանի անձնագրով ու ինչ-որ հիմարից 5 հազար դրամով առած պռապիսկով ավելին է անում»,- ասաց ավտոներկրողը։

Նրա խոսքով՝ Ղազախստանի քաղաքացիներն ավելի շատ իրավունքներ ունեն Հայաստանում, քան Հայաստանի քաղաքացիները. «Ես մեքենա եմ ջարդել, պրոբլեմների մեջ եմ ընկել, հարկեր, տուրքեր, միլիարդներ եմ մուծել, բայց էսօր ղազախն իր քյալամը ծախել  ու եկել ինձ հետ հավասար, մի բան էլ ավելի ավտոմեքենա է մաքսազերծում ու տանում»։

Նշենք, որ ավտոներկրողները այսօր որոշել էին փողոցը փակել եւ այդպիսով ցանկանում էին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել։ Խորենացի փողոցը փակելուց հետո բախում տեղի ունեցավ ավտոներկրողների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանների պահանջով՝ ցուցարարները որոշեցին փողոցը բացել։

Ավտոներկրողները բողոքեցին՝ մի օրենք է ընդունվել, որի մասին իրենք տեղյակ չեն եղել․  «Եթե մի հոգու անունով 2 մեքենա է ներմուծվել, անցած տարվա հունիսից օրենք են մտցրել ուժի մեջ, որ 2-րդ ավտոյից գումար պետք է բռնագանձեն, այն էլ 20 տոկոս։ Ես 100 դոլար փող եմ դրա մեջ աշխատել, 200 հազար դրամ որտեղի՞ց տանեմ, վճարեմ։ Երեկ էլ նամակ է եկել, որ 224 հազար է դարձել։ Սա հարկային տեռոր է։ Օրենքն ընդունել են գաղտնի, ոչ ոք տեղյակ չի եղել»։