Հարուցված նոր քրեական գործը հեքիաթների դաշտից է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ խոսելով «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին:

«Սկզբնական շոուն արեցին, վերջացրեցին, հիմա մտածում են մեկ այլ  շոու անել, հանրությանը զբաղեցնել»,-ասաց նա։

Հարցին՝ այս գործով հարցաքննվել է, Ամիրյանը պատասխանեց․   «Դեռ ոչ»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝  Նազիկ Ամիրյանը խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571 միլիոն 166 հազար ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը:

Նշենք, որ նոյեմբերի 28-ին,  ՀՀ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 27-րդ տարեդարձն է: Այս առիթով 5-րդ բրիգադի ազատամարտիկները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված մարտընկերների հիշատակին։