Քաղաքը պատրաստ է ընդունել նվիրատվություններ բոլոր այն մարդկանցից Հայաստանի ներսում կամ դրսում, որոնք մտադրություն ունեն մասնակցել Երեւանի զարգացմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա հավելեց, որ հրապարակել են նման 5 պայմանագիր, որոնցով 21 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին, որից 19-ը՝ Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկին:

«Դրանք աղբատար, ձնամաքրիչ եւ ջրցան մեքենաներ են: Այս գույքից բացի, ընթացքի մեջ է եւս առնվազն 10 պայմանագիր, որոնցով քննարկվում է, որ քաղաքը նորանոր գույք կստանա՝ տեխնիկա, մեքենաներ եւ այլն»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ քանի դեռ պայմանագրերը վերջնական կնքված չեն, ճիշտ չէ դրանք հրապարակելը եւ դրանով է պայմանավորված, որ ավելի շուտ այս մասին չեն տեղեկացրել հանրությանը:

Դիտարկմանը, որ Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը «ԿամԱԶ»-ները նվեր է ընդունել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունից, եւ դա արել է շինթույլտվությունների դիմաց, Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանից կարող է նվիրատվություն ընդունել այնպես, ինչպես պատրաստ է ընդունել ցանկացած որեւէ մեկից:

«Որպես «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության հիմնադիր սեփականատեր պետռեգիստրում գրանցված է մի անձի անունով, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ: Տնօրենը, որ ստորագրել է պայմանագիրը քաղաքապետարանի հետ, Հայկ Իսրայելյանն է: Քաղաքապետարանը չունի այդ խնդիրը պարզելու, թե արդյոք այս կամ կազմակերպության հետեւում կանգնած է այս կամ այն գործարարը, կամ ոչ: Իսկ երբ հարցնում են՝ ստացե՞լ եք նվիրատվություն Սամվվել Ալեքսանյանից, հնաբանաբար պատասխանն է ոչ, որովհետեւ եթե ասենք՝ ստացել ենք, պայմանագիր կնքած Իսրայելյանը կարող է զանգել ու ասել՝ եղբայր, մենք նվեր տանք, դու ուրիշ մարդու անուն հնչեցնե՞ս:

Եթե դուք կարծում եք, որ դա «Ալեքս հոլդինգն» է եւ կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ, ես չեմ կարող, առավելեւս Հայկ Մարությանը, անել հայտարարություններ ասեկոսեների, տարածված կարծիքների հիման վրա, առավելեւս, որ պախարակելի բան Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ չկա»,-ասաց նա։