Նվեր ստանալը լավ, է բայց ծածուկ պահելը ո՞րն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

«Ինչո՞ւ ավագանու նիստում չի ներկայացվել, որ քաղաքը նվիրատվություն է ստացել: Մենք ֆեյսբուքում հանդիպում ենք գրառումների, որ Գագիկ Խաչատրյան 20 Կամազ է նվիրաբերել: Եթե ասեիք, թե ով որքան մեքենա է նվիրաբերել, մենք այդ գրառումներին կհակադարձեինք, որ նման բան չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանից, նրա հետ փոխկապակցված որեւէ անձից իրենք նվիրաբերություն չեն ստացել:

«Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեք, որ «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է»,- հակոբ Կարապետյանին դիմելով նշեց նա:

Ի պատասխան քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց. «Եթե խնդիրը ձեր հարցի այն է, որ այն հնչի եթերում, ես դրա հետ որեւէ խնդիր չունեմ»:

Մարկոս Հարությունյանն էլ արձագանքեց. «Դուք ինձ բավական երկար ժամանակ ճանաչում եք. Ձեր կարծիքն իսկապես այն է, որ ես կարիք ունեմ եթերով երեւալու, դրա համար հիմա նման հարց եմ տալի՞ս»:

Դրանից հետո ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանն ու Արմեն Ներսիսյանը լքեցին դահլիճը:

«Կլինեն վերնագրեր՝ եւ նրանք վրդովված դուրս եկան դահլիճից»,-հեգնանքով նետեց Հակոբ Կարապետյանը: