Ոչ ոք չի կարող ասել, թե որքան պետք է լիներ հեռուստամարաթոնին հանգանակված գումարը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգության առիթ չի տալիս այն, որ «Հայաստան» համահայկական «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար։
«Հանգանակություններ են, նվիրատվություններ են՝ ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան պետք է լինի, ինչքան է պատրաստ երկրում և երկրից դուրս գտնվող քաղաքացին նվիրաբերել, չեմ կարող ասել պատճառը, ամեն դեպքում ՀՀ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրաբերություն են կատարել իրենց հնարավորությունների սահմանում»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե հետհեղափոխական Հայաստանում ավելի քիչ են հանգանակությունը, պատգամավորն ասաց․ «Ես դրա մեջ չեմ խորանում, կարող է այդտեղ արհեստական ինչ-որ բաներ են եղել նախկինում, կարող է՝ հիմա է այդ պատկերը: Ես չգիտեմ, չեմ արել այդ ուսումնասիրությունները: Ամեն մարդ իր հնարավորությունների շրջանակում ցանկանում է երկրին օգնել, եթե նույնիսկ 1 մլն դոլար լիներ՝ ես ասելու էի՝ անչափ շնորհակալ եմ այն քաղաքացիներին, ովքեր այդ գումարը նվիրաբերել են, կարևոր չէ, թե որքան է եղել, բայց մենք շնորհակալ ենք այն գումարի համար, որոնք նվիրաբերվել են»։
Հարցին՝ դեռ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ նպատակային են ծառայելու նվիրատվությունները, ակնկալվում էր, որ կավելանան, խնդիր չի տեսնում արդյոք, նա նշեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում․ «Ոչ միայն նպատակային են ծառայելու, այլ նաև երեկ լսեցի պարոն Փաշինյանի ելույթը, որ եռապատիկ, հնագապատիկ խիստ է լինելու վերահսկողությունը այդ գումարների ծախսման, ինչը չի եղել նախորդ ժամանակ: Տեսել ենք՝ ինչ պատկերներ են եղել: Այո՛, մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար։ Կարող է դուք տեսնենք՝ 8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ կբերի երկրում, քան 15-20 միլիոնը՝ ճիշտ վերահսկելու ու նպատակային ծախսելու արդյունքում»:











