Այսօր մեր ճակատագիրը, թե ներկա, թե անցյալ, արհամարհված է իշխանությունների կողմից: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին,  Ծիծեռնակաբերդում հայտարարեց Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ անդամներից մեկը:

Նշենք, որ Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ անդամները այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեցին Հայոց պատմական Գարդմանքի՝ ներկայիս՝ Գանձակի տարածաշրջանի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ:

«Մենք, մեր պապերը, մեր պապերի պապերը Գարդմանի հողի տերն են եղել եւ այսօր մենք հիշեցնում ենք ի լուր աշխարհի բոլոր հայությանը, որ հայության  մի հատվածն ենք եղել, որ այսօր մեր ճակատագիրը, թե ներկա, թե անցյալ, արհամարհված է իշխանությունների կողմից, քաղաքական վերնախավի կողմից: Թվում էր, թե թավշյա իշխանություններն այս մասին պետք է բարձրաձայնեին, հիշեցրել են միայ , որ այնտեղ Սումգայիթից ժողովուրդը տկլոր փախավ եւ Նախիջեւանի խնդիր կա, Գարդմանի  մասին ոչինչ»,-ասաց ՀԿ անդամը:

Նրա խոսքով` 1987-92 թվականներին իրականացվածը միանշանակ տարվող ցեղասպանական ծրագրերի մի դրվագ էր:

«Եղել է ցեղասպանություն եւ այդ ցեղասպանության փաստը որպես որոշում ընդունել է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն խորհուրդը 1990 թվականի փետրվարի 13-ին, այդ որոշումն ուժի մեջ է, որովհետեւ երրորդ հանրապետությունը երկրորդ հանրապետության իրավահաջորդն է: Ինչու մինչ օրս մեր իշխանությունները ոչ մի արձագանք կանոնակարգի սահմաններում անգամ չեն արձագանքում մեր դիմումին, ոչ Ազգային ժողովը, ոչ էլ Արտաքին գործերի նախարարությունը: Չէ՞ որ մենք դիմել ենք իրենց, որ վերահաստատեն այդ որոշումը, կամ էլ եթե չեք վերահաստատում հավաքվեք, քննարկեք եւ մեզ էլ ապացուցեք, որ ցեղասպանություն չի եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 30 տարի առաջ` 1989թ.-ի այս օրերին, Ադրբեջանի իշխանությունների ծավալած էթնիկ զտումների ու քաղաքականության արդյունքում, վերջին հայերը բռնագաղթեցին հայաբնակ Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի շրջաններից և Գանձակ ու Ելենդորֆ(Խանլար) քաղաքներից:  Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությանը: