Ես կարծում եմ՝ Երեւանի քաղաքապետը պատճառ չունի չընդունելու Դավիթ Խաժակյանի հրավերը եւ ուղիղ եթերում չմասնակցելու նրա հետ բանավեճին, որովհետեւ իրենք ասում են՝ մենք ճիշտ ենք, ոչ մի կոռուպցիա չկա, ամեն ինչ նորմալ է, սա մանիպուլյացիա է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա սա կարելի է ուղիղ եթերում, քաղաքակիրթ մշակույթին հարիր բանավեճի վերածել: Ով չի կարողանա այդ բանավեճում ապացուցել իր խոսքը, նա էլ կհամարվի պարտված»,-ասաց Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետարանում արտոնություններ տալու եւ դրա դիմաց որոշակի արտոնություններ եւ գույք ստանալու կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրման հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնությանը: «Կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինելու, որ ԲՀԿ-ից միանան ստորագրահավաքին: «Իմ քայլից» էլ կարող է միանան»,-ասաց նա:

«Ես գիտեմ, որ շինարարության հարկերի ավելացման թույլտվությունը խախտումներով է արվել: Այդ ինչպե՞ս է եղել, որ հենց նրանք են նվերներ տվել, ովքեր գործ են ունեցել քաղաքի հետ: Չկա մի ուրիշ երրորդ անձ, որը բան է նվիրաբերել ու տարածք չի ստացել, շինթույլտվություն չի ստացել, արտոնություն չի ստացել: Խոսքը գործարարների մասին է: Այս առումով կան կասկածներ եւ լավ կլինի, որ պարոն Մարությանը գնա եւ ուղիղ եթերում իր ճշմարտացիությունն ապացուցի»,-ասաց Մարուքյանը: