Երբ նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է, դա արվել է օրենքը շրջանցելով, եւ, ըստ էության, խորհրդարանը շրջանցվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իսկ ընդհանրապես, բոլոր հիմնարկներում 30 տոկոս պարգեւավճարների ֆոնդ կա: Մենք առաջարկել ենք, որ քանի որ այդ փողը կա, բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնենք: Իմաստը ո՞րն է դա պահել որպես պարգեւավճարի տող: Ընդ որում, շատ հիմնարկներում պարգեւավճարները տրվում են ընտրողաբար, իրենց ծանոթներին: Մենք նման տիպի նամակներ ենք ստացել, մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունից»,-ասաց նա՝ հավելելով, որ վարչապետն, ըստ էության, չպատասխանեց, թե ինչու է նախարարների աշխատավարձը կրկնապատկվել:

«Խորհրդարանում օգնականների աշխատավարձերը շատ ցածր է, եւ կա բողոք, որ այդ գումարով լավ իրավաբան կամ տնտեսագետ չես վարձի: Օրինակ, իմ օգնականը, որ իմ մոտից դուրս գա, կարող է մոտ 700 հազար դրամ աշխատավարձ ստանա: Թիմային մարդ է, աշխատում է այդ աշխատավարձով, բայց արդյոք դա արդա՞ր է: Երբ խոսում ենք խորհրդարանի դերը բարձրացնելու մասին, նաեւ սա նկատի ունենք»,-ասաց Մարուքյանը: