Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Գագիկ Ջհանգիրյանին դատած դատավորները մինչեւ հիմա աշխատում են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ Խորհրդարանում ցանկացած որոշում, որն ընդունվում է, ունենում է քաղաքական ենթատեքստեր, առաջնահերթություններ եւ քաղաքական հիմնավորումներ․ «Այս նախագծի եւ ՍԴ-ի հետ կապված եղել են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, եւ ,ըստ էության, դրա սոուսը հետեւյալն է, որ ժողովուրդը չի վստահում ինստիտուտին եւ դա պայմանավորված է անձով։ Զարմանում եմ, որ դուք կոնկրետ քիրախավորել եք ՍԴ-ն եւ ասում եք՝ այնտեղ կա ճգնաժամ, այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ մեր այլ քաղբանտարկյալ գործընկերներին դատապարտող դատավորները հենց հիմա Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում աշխատում են։ Նրանց հետ կապված ոչինչ պետք չի անել, բայց թիրախավորել եք ՍԴ-ն։ Որեւէ քաղաքական հիմնավորվածություն չկա, քաղաքական սոուսը անվստահության հարցն է։ Այս նախագիծը կարկատան է վստահությանն ուղղված»։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ավելի կարեւոր ինստիտուտներ կան, որոնց վստահությունը պիտի վերականգնեն, քանի որ, ըստ նրա՝ ՍԴ-ում ճգնաժամ չկա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ չի կիսում Մարուքյանի այն դիրքորոշումը, որ այլ դատարանների նկատմամբ չկա վստահության խնդիր․ «Չեմ կիսում նաեւ ձեր այն դիրքորոշումը, որ մենք բացառապես ՍԴ-ին ենք անդրդադառնում, ոչ, մենք չենք անդրադառնում բացառապես ՍԴ-ին»։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:











