Դուք, որպես իշխանություն թիրախավորել եք մի մարմին եւ մի մարմնում մի մարդ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ անգամ թիրախավորելուց էլ իշխանությունը սխալ եւ անփորձ է գործում։
«Այնքան անփորձ եք այդ թիրախավորելուց, որ ամբողջությամբ «փոզմիշ» եք արել այդ գործընթացը։ Երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց, փոխանակ գնար ՍԴ եւ ասեր իշխանությունը խնդիր ունի միայն ՍԴ նախագահի հետ, որովհետեւ մինչ 37 թիվն ինքը պետք է մնա, այլ խնդիր դրվեց, որ բոլոր դատավորները պետք է դուրս գան»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն այդ քայլով բոլոր դատավորներին համախմբեց յի դեմ։
«Հիմա բոլոր դատավորներին համախբել է իր դեմ ու ասում է բոլորին փող տանք գնան։ Չեք կարողանում մարդ հանել, ձեզ սովորեցնե՞նք՝ ոնց պետք է մարդ հանել։ Դուք տապալել եք այդ քաղաքական գործընթացը, տապալել եք ձեր ասաց ՍԴ–ի ճգնաժամի լուծումը»,– ասաց պատգամավորը։
Մարուքյանի խոսքով՝ սա դեռ միայն քաղաքակն հատվածն է եւ անդրադարձավ նաեւ իրավական մասին։
«Իրավական տեսանկյունից, ո՞նց եք պատկերացնում, որ 600 մլն տաք, որ դատավորները դիմում գրեն, գնան իրենց տանը նստեն, բարձր աշխատավարձով երիտասարդ թոշակառուներ դառնան։ Հարց է առաջանում, բա այն դատավորները, որ Նիկոլ Փաշինյանին են դատել, Սասուն Միքայելյանին են դատել, Սմբատ Այվազյանին են դատել, Գագիկ Ջհանգիրյանին են դատել, կարող եմ ժամերով թվարկել, թե ինչքն մարդ են դատել ու այսօր աշխատում են, բա իրենց նկատմամբ վստահության խնդիր չկա՞։ Թե՞ նրանք արդեն գործարքի մեջ են, թե՞ նրանց արդեն ինչ ասում եք, անում են»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ հունվար կամ փետրվար ամսին Սահմանադրական հանձնաժողով է ձեւավորվելու, եւ այդ հանձնաժողովի աշխատանքների եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով է հնարավոր այդ հարցը լուծել։
«Որ գնում ենք Եվրոպա մեզ հարցնում են, ինչո՞ւ են կոնկրետ այս մարդու հետուից ընկել։ Ոչ մի բան չեք կարողանում անել, ոնց ասեմ ձեզ, դուք տապալել եք այդ ամբողջ գործընթացը եւ մենք դեմ ենք այս նախագծին, որովհետեւ այն խնդիր չի լուծում, ընդհակառակն ավելի շատ խնդիրներ է առաջացնում։ Այստեղ անմարդկային բան էլ կա, որ դատավորը դիմում գրի, որ սրանով գնա թոշակ ստանա, նա մասնագիտական նվաստացման գործընթացով է անցնելու։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:











