Հարգելի գործընկերներ, երբ նախագծեր ենք ներկայացնում, ասում եք բյուջեում փող չկա դատավոր պահելու, չհասկացանք բյուջեում փող չկա աշխատող դատավոր պահելու, չաշխատող դատավոր պահելու համար բյուջեում փող կա՞, այս ինչ աճպարարություն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս նախագծում ՍԴ–ն անցանկալի մարդկանցից մաքրազարդելու խնդիր կա։

«Կանգնեք, ասեք ընկերներ մենք ուզում ենք ձեզնից ազատվենք, պրծնենք այս թնջուկից, բայց, որ ՍԴ–ում ճգնաժամ կա, ոչ մի ճգնաժամ էլ չկա, ասել եմ, պնդում եմ, այնտեղի միակ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյան է, որը չի աշխատում եւ փող է ստանում։ Վահե Գրիգորյանին ասեք, որ ոչ մի նիստի չես մասնակցում, ինչո՞ւ ես աշխատավարձ ու խրախուսում ստանում»,– ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը դեմ է այս նախագծին. «Ձեր թիմակիցը, ում որ դուք առաջադրել եւ ընտրել եք, կանգնում ասում է Հայաստանում Սահմանադրական դատարան չկա, դրա համար էլ ես նիստերին չեմ մասնակցում։ Բա որ ՍԴ չկա էլ ինչի՞ մասին ենք խոսում»։