Ես պարգեւատրում չեմ ստացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա հերքեց նաեւ, որ իր բաժանաղն իր տեղակալն է եւ նա էլ է պարգեւատրում ստացել:

Հարցին, թե այդ դեպքում՝ մամուլն ինչու է նման բաներ գրում, նա պատասխանեց. «Չգիտեմ, իրենցից հարցրեք»:

Ինչ վերաբերում է իր վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպին, մարզպետն ասաց, որ այժմ քննություն է գնում, երբ կավարտվի, իրավապահ  մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը:

Նա հրաժարվեց պատասխանել կոկոդիլսոաբուծության վերաբերյալ հարցին. «կլինեն ներդրումներ կտեսնեք»,-ասաց մարզպետը:

Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը հարազատների աշխատանքի չի տեղավորել, նախկինում էլ նման բան չի արել, սակայն քիչ անց խոստովանեց. «Իմ մորաքրոջ հարսը շատ վաղուց աշխատել է դպրոցում եւ շարունակում է աշխատել, նույնիսկ իմ մազպետ նշանակվելուց առաջ: Ես ունեմ օգնական, ով իմ ազգականն է, իմ զարմիկն է: Այլ բարեկամ չունեմ: Ես բաջանաղ չունեմ ինձ մոտ աշխատող: Խոսքը Նազարեթյան Արտավազդի մասին է, նա իմ կուրսընկերն է, մարզպետի տեղակալ, ծանոթացեք»:

Հարցին, թե արդյոք դա կոռուպցիոն ռիսկ իր մեջ չի պարունակում, մարզպետն ասաց. «Ոչ, ովոհետեւ երբ ՔՊ կուսակցությունը հիմնվել է, այս մարդն ակտիվ մեզ հետ ամեն հարցում զբաղվել է: Ցանկացած հարցում աջակից է եղել մեր ցանկացած քայլին»:

Հարցին, թե կարո՞ղ է նշել մի դրական բան, որի համար նա նշանակվել է փոխմարզպետ, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Այդպես չի գնահատվում տեղակալ նշանակելը: Նա գաղափարակից ընկեր է մեզ համար եւ այդ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին»: Նա հավելեց, որ դա կոռուպցիա չի համարում:

«Դուք հիմա վարչապետի՞ն եք կոռուպցիայի մեջ մեղադրում, որովհետեւ վարչապետն է նշանակում փոխմարզպետին»: