Պարոն Մելքումյան, համ ասում եք՝ ցուցում չտաք, համ ասում եք՝ մեծերի գործերին չխառնվեք. Դա ի՞նչ է, եթե ոչ ցուցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին:
«Դուք հակասում եք ինքներդ ձեզ եւ ցուցում եք տալիս՝ մեծերի գործերին չխառնվել: Այս դահլիճում չկան մեծեր, չկան փոքրեր, որ պետք է խառնվեն կամ չխառնվեն իրար գործերին»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը ընթացքում տեղից անընդհատ ինչ-որ բաներ էր ասում, որը չէր լսվում:
Հրաչյա Հակոբյանը դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Պարոն Ծառուկյան, երբ քիչ առաջ պարոն Հակոբյանը խոսում էր, դուք ջղայնացած շուռ էիք գալիս ու ասում՝ դու մի խոսա: Հիմա երբ պարոն Մելքումյանն է խոսում, դուք լռում եք»:











