Պարոն Մելքումյան, ես ձեզ շատ հարգում եմ, բայց եկեք այլեւս հղումներ չանենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տարիքին, անցած ճանապարհին կամ դրա բացակայությանը, անփորձությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք անփորձ ենք մի շարք բաներում եւ դա միայն լավ է: Մենք անփորձ ենք մի շարք արատավոր բաներում: Մենք չունենք ընտրակեղծարարության փորձ, չունենք մարդկանց ահաբեկելու փորձ, չունենք մոնոպոլիաների եւ կոռուպցիաների փորձ եւ դա հիանալի է: բայց մեր երիտասարդ լինելը, որ դուք փորձում եք ներկայացնել որպես բացասական երեւույթ, այնքան էլ բացասական չէ: Մենք ունենք անսահման շատ էներգիա եւ եթե որոշենք, որ իրար հետ պետք է անընդհատ այս պոլեմիկայի մեջ մտնել, ախպա գոնե մեր էներգիան մի քանի անգամ ձերնից շատ է՝ չհաշված մեր թվաքանակը»,-ասաց Կոնջորյանը՝ խորհուրդ տալով վերջացնել այս ոճի քննարկումները:
Տեղից ԲՀԿ-ական պատգամավորներն սկսեցին արձագանքել, ինչին Կոնջորյանը պատասխանեց. «Եթե դուք մտածում եք, որ դուք պետք է խոսեք, ես այստեղից լռեմ, չարաչար սխալվում եք, այնպես որ լռեք եւ լսեք: Գոյություն ունի կանոնակարգ, պարոն Դալլաքյան: Դուք հասկանո՞ւմ եք, որ ԱԺ-ում եք գտնվում: Սա պետություն է, ինստիտուտ է, Ազգային ժողով է եւ մենք պարտավոր ենք հարգել այդ ինստիտուտները: Երբ հղում եք անում մեր տարիքի վրա, եւ փորձում եք ինչ-որ հարցում ինքնահաստատվել, բարի եղեք մեզ լսել այնպես, ինչպես մենք ձեզ լուռ լսում ենք»,-ընդգծեց Կոնջորյանը:
Նա նաեւ անդրադարձավ ներդրումների խնդրին՝ նշելով. «Եթե կա որեւէ ներդրող, որին պարոն Ծառուկյանը կամ որեւէ մեկը երաշխավորել է, որ գա Հայաստանում ներդրում անի, եւ որեւէ մեկը իշխանության մեջ արհեստական պատնեշներ է շարում, անձամբ ես, պարոն Մելքումյան, ձեզ հետ միասին պատրաստ եմ մերկացնելու բլոր նրանց, որոնք դա անում են: Բայց եթե նաեւ հնչում են հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դա էլ պարտավոր եմ մերկացնել»,-ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը:











