Մենք գնացինք Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետքերով և պարզեցինք մի շարք հանգամանքներ այդ հանդիպման մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աղմուկ բարձրացրած հանդիպմանը։
«Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր, պարզվեց՝ շեյխը շեյխ չէր, ոչ թե ինչ–որ թագաժառանգ էր եկել հանդիպմանը, այլ նրա ներկայացուցիչը»,– ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով հանդիպմանը տեղ գտած անհարթություններին՝ Կարապետյանն ասաց. «Լուրջ չէ պատկերացնել, որ բազմամիլիարդանոց ներդրումներ անող մարդիկ էնքան նեղացկոտ են, որ երբ քաղաքավարի ասում են՝ պաշտոնական հանդիպման ժամանակ չարժե հեռախոսով խոսել, դրանից հետո նրանց մոտ անհետանում է ներդրում անելու ցանկությունը։ Ասում են՝ որ երկիր գնում ես, այդ երկրի գլխարկն էլ դնում ես։ Եթե պարոնայք շեյխերի երկրում պաշտոնական հանդիպումների ընթացքում զրուցում են հեռախոսով, կամ այլևայլ բաներով են զբաղվում, իրենց գործն է։ Հայաստանի Հանրապետությունում գործում է մեր արարողակարգը, և պետք է հարգել այն։ Դիտողությունը պահվածքի համար եղել է բավական մեղմ, այնուհանդերձ նշվել է, որ այդքանից հետո քաղաքապետը պատրաստ է ընդունել ներդրումների առաջարկները։ Տեղին չէ այստեղ հիշատակել այնպիսի տիտղոսներ ինչպիսիք են թագավորները, աստղերը, համաստեղությունների ներկայացուցիչները։ Մենք ապրում ենք աշխարհիկ երկրում, որտեղ ազնվական տիտղոսներ գոյություն չունեն»։











