Որևէ օրենք չի կարող չունենալ քաղաքական նկատառում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու նախագծի առնչությամբ հնչող քննադատություններին, թե սա արվում է քաղաքական նկատառումներով և ունի անձնավորված բնույթ։

«Որևէ օրենք չի կարող չունենալ քաղաքական նկատառում, և այդ քննադատությունը նոնսենս է, ինձ հիշեցնում է հին ժամանակները երբ ասում էին՝ եկեք ընտրությունները չքաղաքականացնենք։ Իսկ ո՞րն է քաղաքական նկատառումը. ՍԴ–ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը։ 2015թ սահմանադրական փոփոխությունների հեղինակներն ասում էին՝ ժողովուրդ ջան, մենք գտել ենք մեր երազանքների սահմանադրական դատարանը՝ ՍԴ դատավորներն ընտրվում են ոչ թե ցմահ , այլ 12 տարով, ՍԴ նախագահը ընտրվում է ոչ թե ԱԺ–ի, այլ ՍԴ դատավորների կողմից։  Բայց հիմա որոշ գործողությունների, այդ թվում՝ կեղծիքի արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որ ՍԴ–ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին նախատեսված է Սահմանադրությամբ։ Դա է քաղաքական նկատառումը՝ մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին։ Մեզ մի կողմից քննադատում են անհանդուրժողականության, մյուս կողմից՝ հանդուրժողականության մեջ։ նրանք, ովքեր մեզ քննադատում են հանդուրժողականության մեջ, այս օրենքի արդյունքում ավելի շատ կքննադատեն, անհանդուրժողականության մեջ մեղադրողներն ուրիշ բան կգտնեն ավելի շատ քննադատելու»,– ասաց նա։

Հարցին, որ քննադատություններ են հնչում այն մասին, թե ինչու պետք է հարկատուների հաշվին լուծվի ճգնաժամը, Փաշինյանն արձագանքեց. «Որովհետև եթե չհանգուցալուծենք ճգնաժամը, հարկատուների նույն փողերով էլի վճարելու ենք։ Այսինքն ՝ոչ մի տարբերություն չկա։ Հիմա ենթադրենք, այդ մարդիկ վաղաժամ թոշակի չեն գնում։ Էլի նույն գումարը վճարելու ենք և միևնույն ժամանակ չենք ունենալու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան։ Մենք ասում ենք՝ եթե սենց թե նենց վճարելու ենք, եկեք վճարենք, բայց ունենաք ՍԴ սահմանադրությամբ նախատեսված։ Այսինքն՝ տարբերակ, որ էդ գումարը չվճարենք, սկզբունքորեն չունենք, բացի այն տարբերակից, որը մեզ համար ընդունելի չէ և մեր երկրի իմիջը կվնասի։ Միևնույն է վճարելու ենք. համատեղենք օգտակարի հետ»։