«Գողական աշխարհ» կոչվածը անհանգիստ շարժումներով ընդունեց «Քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենքի ընդունումը, որովհետեւ դա իրենց շահերին էր առնչվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։
«Գողականները շատ վատ էին տանում, փորձեցին հրահրել անհնազանդություն, բայց այդ ամենը ժամանակին կանխվեց։ Հրազդանում տեղահան էին արել բանտախցի դուռը՝ ուղղորդված, իրենց լեզվով ասած, «պրագոն» էին ուղարկել, որ անհանդուրժողականություն ցուցաբերեն։ «Նուբարաշենում» դրսից կատարված հրահանգներով հարվածում էին դռներին, կոտրում, դյուրավառ նյութեր էին այրել եւ գցել, որից հրդեհ եղավ, որը մարվեց»,- ասաց Արթուր Գոյունյանը եւ հավելեց, որ երկու դեպքով էլ հարուցվել են քրեական գործեր եւ ընթանում է նախաքննություն։
«Մենք տեղներս նստած չենք մնում՝ միջոցառումների ծրագրեր ենք մշակում։ Հարկ եղած դեպքում, նույնիսկ Արդարադատության նախարարը իրավասու է արտակարգ դրություն մտցնել եւ արտակարգ դրության պայմաններում հնարավոր է նաեւ համարժեք ուժի կիրառում։ Մենք ուզում ենք օրինականություն, ուզում ենք, որ բոլորը հավասար լինեն։ Ինձ համար «գող» հասկացողություն, «զոն նայող» հասկացողություն չկա։ Այդ ամենը միայն օրենսդրական փոփոխություններով վերացնելն անհնար է։ Իսկ հիմա հանգիստ վիճակ է ՔԿՀ-ներում»։











